Էկո Ստեպն ու սփյուռքը կյանքի նոր շունչ են տալիս Հայաստանի գյուղերին
Արդեն մեկ տարի է, ինչ «ԴՎ Ինվեստ» ՍՊԸ-ն իր Էկո Ստեպ ապրանքանիշով համագործակցում է Սեպտեմի և շրջակայքի ֆրանսահայերի մշակութային միության հետ՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի փոքրիկ գյուղերը։ Ծրագրի առանցքում են նոր աշխատատեղերի ստեղծումը, գյուղերի պահպանումը երիտասարդների և երեխաների համար, ինչպես նաև համայնքների կենսունակության ամրապնդումը։
Առաջին բարեգործական քայլերը արվել են Լոռու մարզի Յաղդան գյուղում, որտեղ կառուցվել է 12 ջերմոց՝ ընտանեկան տնտեսությունների համար, և ևս մեկը՝ համայնքային օգտագործման։ Բայց այստեղ ներդրումները չեն ավարտվել․ հաջորդ փուլում տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր՝ գյուղի պետական շենքերում էներգախնայողություն ապահովելու նպատակով։
Հատկանշական է, որ ծրագրի իրականացման մեջ ներգրավվել են հենց համայնքի երիտասարդները։ Համագործակցելով Էկո Ստեպի տեխնիկական թիմի հետ՝ նրանք ձեռք են բերել արևային տեխնոլոգիաների տեղադրման պրակտիկ գիտելիքներ՝ ինչը ոչ միայն նպաստել է նրանց մասնագիտական աճին, այլ նաև ուժեղացրել է տեղական ներուժը։
Մայիսի 7-ին ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց՝ Ֆրանսիայի Դեսպան Օլիվիե ԴըԿոտինի գլխավորությամբ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կատարված աշխատանքները՝ ջերմոցները, ֆոտովոլտային կայանները, և քննարկվեցին ապագա ծրագրերն ու նոր նախաձեռնությունները։
Այս համագործակցությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են Սփյուռքը և տեղական բիզնեսները համատեղ ուժերով խթանել գյուղական համայնքների կայուն զարգացումը։ Եվ ինչպես ասում են՝ հայրենասիրությունը մեծանում է փոքր քայլերով։