
Էկո Ստեպ Արմենիա ընկերությունը՝ «Երիտասարդների ապագա մասնագիտության ընտրության կողմնորոշում» ծրագրի մասնակից
«Երիտասարդների ապագա մասնագիտության ընտրության կողմնորոշում» ծրագրի նպատակն է Հայաստանի Տավուշ, Լոռի, Արարատ և Արմավիր մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի ավագ և միջնակարգ դպրոցներում սովորող երիտասարդներին ապագա մասնագիտություն ընտրելու հարցում կողմնորոշելն ու ուղղորդելը։
Ուսումնասիրվել են համապատասխան վիճակագրություններ և ընտրվել են ներկայի և ապագայի 10 ամենապահանջված մասնագիտությունները, ինչից հետո ընտրվել են այդ մասնագիտություններին համապատասխան 10 փորձագետներ։
Քանի որ ծրագիրը և դրա շրջանակներում ուսումնասիրվող թեմաներն ընդգրկված չեն դպրոցների պարտադիր ուսումնական ծրագրերում՝ մշակվել է հատուկ մեթոդիկա, որի ընթացքում առավել պարզ են ներկայացվում արևային և այլ ոլորտների առանձնահատկություններն ու տեխնիկական նրբությունները։
Այս հարցում իր ներդրումն է ունենում նաև Էկո Ստեպ Արմենիա ընկերության տեխնիկական գծով տնօրեն Հ․ Հովսեփյանը, ով սուղ ժամկետներում կարողանում է ներկայացնել ՀՀ-ում ակտիվորեն զարգացող արևային էներգետիկայի ոլորտի առանձնահատկությունները, տեխնիկական նրբություններն ու օրենսդրական հնարավորություններն ու խոչընդոտները։
Արևային դասընթացները մեկնարկվել են պատերազմի օրոք և շարունակվում են մինչ օրս՝ առցանց հարթակում։
Նման ծրագրի իրականացման նպատակը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի աշակերտների իրազեկումն է ՀՀ-ում գործող կրթական համակարգի և հաստատությունների, դրանցում առկա մասնագիտությունների մասին։ Աշակերտները հնարավորություն են ունենում անձամբ շփվել տարբեր ոլորտի մասնագետների հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։
Մեծ ուրախությամբ ենք նշում այն մասին, որ ծրագրին մասնակցած աշակերտները դասընթացի ընթացքում մեծ հետաքրքրությամբ են լսում Էկո Ստեպ Արմենիայի գլխավոր ինժեներին, տալիս իրենց հուզող հարցերը և ստանում դրանց պատասխանները: Որոշ դասարանների ծրագրի ամփոփման արդյունքում պարզ է դարձել, որ ծրագրին մասնակցած աշակերտների 60-70 տոկոսը կարողացել է կողմնորոշվել իր ապագա մասնագիտության ընտրության հարցում: